Հովհաննես Այվազովսկի 1817-1900

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ. հուլիսի 29-ին Թեոդոսիայում, Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում:


Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի Ոսկե մեդալի և գործուղվել Ղրիմ, որտեղ ստեղծած նկարներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, տեսարանի հավաստի պատկերմամբ: 1840 թ-ին ակադեմիան նրան գործուղել է արտասահման` կատարելագործվելու. եղել է Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման:
1844 թ-ին Այվազովսկին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845 թ-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել է 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ», 1855 թ., «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 թ.), պաշարված Սևաստոպոլում բացել է ցուցահանդես, ոգևորել և օգնել քաղաքի պաշտպաններին:
Այվազովսկին շրջագայել է նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, 1868 թ-ին ուղևորվել է Կովկաս. ստեղծել է լեռնային բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլ գործեր: 1869 թ-ին Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը: 1873 թ-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար, որպես օտարերկրյա մեծ նկարիչ, ստեղծել է իր «Ինքնանկարը»: Նյութապես օժանդակել է հույների ու իտալացիների ազգային-ազատագրական պայքարին, Գեղարվեստի ակադեմիայի սաներին, բելոռուս ուսանողներին: 1900 թ-ին Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան սահմանել է Այվազովսկու անվան կրթաթոշակ:
1890-ական թվականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն է արտահայտել ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակել է Ղրիմ փախած հայ գաղթականներին: Թեոդոսիայում բացել է պատկերասրահ (այժմ՝ նրա անվան), գեղարվեստի դպրոց, հնագիտական թանգարան, գրադարան, համերգային դահլիճ, օժանդակել նավահանգստի, երկաթուղու կառուցմանը և այլն:
<
Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ. աշխատել է արագ` տեսողական վիթխարի հիշողությամբ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիք» (1850 թ.), «Սև ծովը» (1881 թ.), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885 թ.), «Ալիքների մեջ» (1898 թ.), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889 թ.) և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, անկրկնելի արտահայտիչ լեզու: Այվազովսկու ծովանկարները որոշակի խորհրդանշական իմաստ ունեն. նրա ստեղծագործական ելակետը նախնիներից ժառանգած բնության բանաստեղծական, հեքիաթային ընկալումներն են: Նրա արվեստում լույսը կյանքի, հույսի ու հավատի խորհրդանիշն է: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887 թթ.), «Արարատ լեռան հովիտը» (1882 թ.), «Նոյն իջնում է Արարատից» (1889 թ.), «Հայ մարտիկի երդումը» (1891 թ.), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892 թ.), «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895 թ.) և այլ կտավներում: Ծովանկարչության բնագավառում նրա խորհուրդներով են առաջնորդվել նկարիչներ Մկրտիչ Ճիվանյանը, Մանուկ Մահտեսյանը, Վարդան Մախոխյանը, Այվազովսկին որոշակի ազդեցություն է թողել Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործության վրա:
«Թուրքական նավի պայթյունը» (1900 թ.) կտավը նկարչի վերջին անավարտ գործն է:
Այվազովսկու գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Այվազովսկին ընտրվել է Ամստերդամի, Ռուսաստանի, Սանկտ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ: Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով (1857 թ.):
Այվազովսկու տունը մշտապես եղել է յուրօրինակ ուխտատեղի, որի ցուցասրահում ներկայացվել են ռուս և հայ մշակույթի գործիչների ստեղծագործություններ: Այվազովսկուն թաղել են զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ Սարգիս եկեղեցու բակում:
Այվազովսկու անունով են կոչվել Թեոդոսիայի փողոցներից և մոտակա բլուրներից մեկը, զբոսայգի: Երևանում և Թեոդոսիայում կանգնեցվել են նրա հուշարձանները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*