Ղևոնդ Ալիշան 1820-1901

18.07.2017  
Ալիշանը բանաստեղծ էր, որ գիտութիւն կ՛ըներ; Այսօր հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838 թ. Ղևոնդ Ալիշանի ծննդյան օրն է: Ալիշանը (Քերովբէ  Ալիշանեան), ծնվել է 1820թ.-ի հունիսի 6 (18)-ին Ստամբուլում: Սովորել է ծննդավայրի Վ. Չալըխյանի վարժարանում, 1832–41 թթ-ին՝ Վենետիկի Մխիթարյանների դպրոցում, 1838 թ-ից՝ միաբանության անդամ:
 
16 տարեկանում, եկեղեցական կանոնակարգի համաձայն, անվանափոխվել է` Ղևոնդ Ալիշան: 1841 թ-ից (ընդհատումներով) դասավանդել է Վենետիկի Ռափայելյան, Փարիզի Մուրատյան վարժարաններում, 1848 թ-ից եղել է Ռափայելյան վարժարանի տեսուչը, 1849–51 թթ-ին՝ «Բազմավեպ» պարբերականի խմբագիրը: 1870 թ-ից կատարել է միաբանության աթոռակալի պարտականությունները: 
 
 Երբեք չլինելով Հայաստանում՝ նա ծրագրել էր առանձին հատորներ նվիրել Հայաստանի բոլոր` 15 նահանգներին ու Կիլիկիային, սակայն հասցրել է գրել միայն «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.) մեծածավալ աշխատությունները, որոնք հարուստ նյութ են պարունակում այդ նահանգների աշխարհագրության, տեղագրության, բուսական ու կենդանական աշխարհների, հանքային հարստությունների, պատմական անցյալի, հնությունների, ազգագրության և այլ հարցերի մասին: «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն» (1895 թ.) գրքում նկարագրել է Հայաստանում աճող շուրջ 3400 բույս ու ծաղկատեսակ (150-ից ավելի նկարներով), անդրադարձել դրանց բուժական հատկություններին:
 
 Ալիշանն առաջիններից է, որ գրել է աշխարհաբար բանաստեղծություններ՝ «Հրազդան», «Մասիսու սարեր», «Հայոց աշխարհիկ», «Պըլպուլըն Ավարայրի», «Շուշանն Շավարշանա», որոնք նրա պոեզիայի բարձրակետն են: Ալիշանը հայ բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից է («Հայոց երգք ռամկականք», 1852 թ.):
Նա «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց» (1895 թ.) երկում ներկայացրել է հայկական հեթանոսական կրոնը, աստվածություններն ու հավատալիքները:
 
 Ալիշանը տիրապետել է բազմաթիվ լեզուների. թարգմանել է Ջորջ Բայրոնի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից: Նա ընտրվել է Վենետիկի ակադեմիայի, Իտալիայի Ասիական, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի հնագիտական ընկերությունների անդամ, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, արժանացել  ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի շքանշանի: 

Leave a Comment

2 × two =

*